Կյանքի համը

Կյանքը թանկ է, այն տրվում է մի անգամ։ Պետք չէ ծախսել կյանքը անիմաստ, անբովանդակ, ավելորդ բաների վրա, պետք չէ ծախսել այն մարդկանց վրա, ովքեր չեն գնահատում, չեն գիտակցում ձեր արժեքը, ովքեր ձեզ  չեն սիրում, չեն արժեքավորում ու սպասում, ովքեր ձեր խոսքերի վրայով անցնում են, մաքրելով իրենց կեղտոտ որտքեր։ Նրանց վրա,ովքեր առանց կասկած կդավաճանեն, կմատնեն և փոխարինող կգտնեն ձեզ։ Պետք չէ արցունքներ թափել նրանց համար,ովքեր դա չեն տեսնում, լացելով ոչ մի բան չեք փոխի, ավելի կվատացնեք ձեր վիճակը։ Նրանց համար, ում դուք պետք չեք, ովքեր չեն անհանգստանում ձեզ համար։ Նրանց համար, ովքեր ներողություն են խնդրում,սակայն նորից են կրկնում նույն սխալները , ովքեր տեսնում են կյանքը հակառակ կողմից և չեն ցանկանում փեխվել, չեն ցանկանում ձուլվել ձեզ հետ, այլ ձեզ են փոխում իրենց շահերի համար։ Մի վատնեք ձեր ուժերը նրանց վրա, ովքեր ձեզ պետք չեն և լցված են ատելությամբ և ձեզ դարցնում են իրենց աչքի փուշը։ Մի վատնեք բառերը նրանց համար, ովքեր ձեզ չեն լսում, ովքեր ականջի ետևն են գցում ձեր խեսքերը։ Նրանց համար, ովքեր ձեր հանդեպ անտարբեր են,ում չեք հետաքրքրում, ում սիրտը ձեզ համար չի ցավում։ Մի վատնեք կյանքը, այն անսահման չի։ Եղեք ինքնասիրահարված և էգոիստ, հարգեք ինքներդ ձեզ, ունեցեք սեփական կարծիք և միտք, թույլ մի տվեք ոչ մեկին ձեզ փոխել։ Գնահատեք ամեն շունչը, ժամը, ակընթարթը։ Քանի որ այս՝ թեկուզ ոչ անթերի կյանքում կա մեկը, ով իսկապես սիրում է, անհանգստանում է, ցանկանում է իմանալ, թե որտեղ եք դուք, ում հետ, արդյոք չեք մրսում, կամ քաղցաց չեք։ Այդ մարդու մտքերում միայն դուք եք, արթնանալուց առաջին և քնելուց վերջին տեսիլքն եք և վերջի վերջո նրա երազանքը։

0 Comments

Աշխարհներ

 Ես ունեմ հասակակիցներ, որոնցից ոմանք իմ ընկերներն են, իսկ ոմանց չեմ ճանաչում։ Հիմա մտածում եմ, տեսնես բոլորն ունեն իմ նույն խնդրից.<<Ի՞նչ է կյանքը>>: Փորձեմ նկարագրել այնպես, ինպես ես եմ դա հասկանում, իսկ ես չեմ հասկանում։ Ես չգիտեմ ինչն է սխալ, իսկ ինչը ճիշտ։ Ո՞վ եմ ես այս կյանում, արդյոք ի՞նչ դեր եմ խաղում։ Ի՞նչի համար է ինձ կյանք տրված։ Մտածում եմ կյանքը մարդկանց տրվում է ինչ-որ նպատակով։ Ու դժվար է գտնել այդ նպատակը։ Կյանքի հետ տրվում է ճակատագիր և այն փոխելու հնարավորություն։ Իմ կարծիքով յուրաքանչյուրս ծնված ենք այս աշխարհին օգուտ տալու համար։ Անպայման չէ, որ աշխարհը լինի Երկիր մոլորակը, կամ այն երկիրն ու քաղաքը որտեղ ապրում ես։ Այն կարող է լինել մարդ, կենդանի, միջատ, նորատունկ ծառ կամ փոքրիկ ծաղիկ։ Պետք է անցնենք շատ դժվարությունների միջով, բայց հաղթահարենք դրանք և օգուտ տանք իմ ասած աշխարհին։ Իսկ հիմա ինչի՞ն եմ օգուտ տալիս ես, ինչի՞ն վնաս, և ինչքա՞ն։ Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում կյանքից, ի՞նչ է կյանքը ուզում ինձնից։ Չգիտեմ չէ, հոգնել եմ արդեն այս հարցերի պատասխանները փնտրել այս տարիքում։ Մարդկանց կեսը ասում են, որ մեծ աղջիկ եմ, ինքս պետք է որոշեմ ինչ անել իմ կյանքի հետ, իսկ մյուս մասը, որ դեռ երեխա եմ ու պետք է լսեմ մեծերին։ Գիտեմ, նաև ասել են, որ պետք է լսեմ ինքս ինձ։ Ես ինքս ինձ լսում եմ, բայց չեմ հասկանում։ Երևի հիմա ամենաբարդ բանն ինձ համար, դա ինքս ինձ հասկանալն է։ Ես չգիտեմ ինչ եմ ուզում ու ինչ չեմ ուզում։ Երբ ուրախ ու երջանիկ եմ լինում, ամբողջությամբ ուրիշ բան եմ ուզում, քան այն ժամանակ, երբ տխուր եմ։

Կա ուղեղ, և կա սիրտ։ Հիմա արի ու մտածի ում լսես։ Ինքան գնում է, համոզվում եմ, որ պետք է ուղեղին լսել, սակայն պահ է գալիս, երբ հոգնում ես և նոր բան ես ուզում, նոր զգացողություն։ Եվ երբ միացնում ես սիրտդ, էլ չես գիտակցում արարքներիդ հետևանքները։Եվ լինում է ժամանակ, երբ իրոք ավելի լավ է լսես սրտիդ ու անես այն ինչ ուզում ես, քանի որ մեր պատկերացումները այն մասին, թե ոնց պետք է ամեն ինչ լինի, խանգարում են մեզ վայելել այն ինչ կա։ Ու շատ քչերն են կարողանում սիրտն ու ուղեղը միառժամանակ միացնել։ Ես մտնում եմ այն մեծամասնության մեջ, ում մոտ կա՛մ սիրտն է, կա՛մ ուղեղը։ Դա սխալ է, որի վրա ես աշխատում եմ։

Ինձ մոտ կարծես դատարկ լինի այն հատվածը, որտեղ պետք է լինեն իմ ուզած հարցերի պատասխանները։ Հասկացել եմ,որ իմ կյանքի սխալների միակ մեղավորը ես եմ, ես չեմ հասկանում այն, ինչ անում եմ։ Անում եմ առանց մտածելու հետևանքների մասին։ Այս պահին զգում եմ, որ դեռ մանկամիտ երեխա եմ, ով կյանքից բան չի հասկանում, տասը տարեկան…չէ, չէ հինգ տարեկան երեխա, ով կյանքին նայում է ուրիշ աչքերով։ Նայելուց տեսնում է ծաղիկներ, կանաչ մարգագետին, փարթամ ծառեր, մաքուր առու։ Ու չի տեսնում, որ այդ մարգագետնում տարկներ առաջ պատերազմ է եղել, հրդեհ, ջարդ ու կոտորած, չի տեսնում, թե որքան արյուն է թափվել այդ մաքուր առվի մեջ, չի տեսնում կյանքի դաժանությունը, այլ տեսնում է կյանքը հեքիաթի նման։

Լավ, իսկ երբ  փորձում եմ ինձ հեռու պահել կյանքից, վնասում եմ, վերք եմ առաջացնում։ Փորձում եմ բուժել ու ստանում եմ հակառակ արդյունքը, ավելի եմ խորացնում վերքը, ինձ արյունոտելով։ Այո՛, ես բժիշկ եմ, բայց անփորձ, շատ վատ բժիշկ, ով իր աշխատանքից ոչինչ չի հասկանում։ Իսկ այդպիսի բժիշկներից խորհուրդ է տրվում հեռու մնալ։

Տեսնես երբևիցե կգա մի օր, երբ ես կգտնեմ իմ հարցերի պատասխանները։ Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, թե երբ եմ դուրս գալու այս տարիքային շրջանից։ Ճիշտ է, շատ-շատ եմ լսել, որ ասում են մի շտապիր մեծանալ, վայելիր մանկությունդ, որ մի օր կասեմ ինչ լավ է երեխաներին, կուզենամ ետ բերել ամեն ինչ, թեկուզ մի ակնթարթով։ Բայց հիմա ուզում եմ դուրս գալ։ Ուզում եմ ուրիշ տեղ փնտրել հարցերիս պատասխանները։ Կուզեի ժամանակը տասը տարի թռներ, ինձ մոռանային, ու նոր կյանք սկսեի՝ ուրիշ կանոններով։ Երբ որ կարդում էի հասակակիցներկս նմանատիպ խոսքերը, չէի հասկանում, ոնց կարող է երեխան ցանկանալ նոր կյանք սկսել, ինչը իրեն չի գոհացնում սեփական կյանքում, իսկ հիմա հասկանում եմ… պատասխաններ չկան, պատասխաններ։ Միգուցե մեծերի աշխարհում ամեն ինչ ուրիշ է, միգուցե այնտեղ են հենց մեր հարցերի պատասխանները։ Ու միակ բանը, որը մեզ կարող է օգնել գնալ այդ աշխարհ՝ ժամանակն է։ Բայց ինքնել թարսի պես այնքան շատ է, երբ սպասում ես, և այնքան քիչ, երբ շտապում ես։ Ուղղակի համբերել է պետք, համբերությունը բոլոր դռների կարևոր բանալիներից է։ Իմ հասակակիցներ, ովքեր տառապում են այդ կարևորագույն հարցի շուրջ, ձեզ խորհուրդ կտամ համբերել, մինչև կմտնենք մեծերի աշխարհ և միգուցե միասին գտնենք մեր հարցերի պատասխանները։

0 Comments

Նպատակ` գաղափարի սահմաններից դուրս

Մենք միշտ մտածում ենք ապագայի մասին, միշտ փորձում ենք կանխատեսել, սահմանափակել, գծել, հաշվարկել, պատկերացնել, հասկանալ, կոնկրետացնել, պլանավորել, ճշգրտացնել, դարձնել այնպես, ինչես մեզ հաճելի է այսօր: Ինչպիսին կուզեինք, որ լիներ մեր այսօրը: Նրանք, ովքեր ավելի շատ մտածում են ապագայի մասին, իրենց այսօրը զոհաբերում են, որպեսզի ավելի լավը դարձնեն իրենց վաղվա օրը, համարվում են ռացիոնալ մտածելակերպ ունեցող մարդիկ: Բայց ինչով է պակաս այսօրը: Ախր, վաղն էլ այսօրվա նման կդառնա այսօր և ինչպես մնացած այսօրները նույնպես կզոհաբերվեն վաղվա օրը ավելի լավը դարձնելու համար։ Այն վաղվա օրը, որը նույնպես այսօր է դառնալու և զոհաբելվելու է վաղվա օրը լավը դարձնելու համար: Երբ ես ֆիլմ եմ ցանկանում դիտել, ոչ ոքից կարծիք չեմ հարցնում, չեմ նայում այդ ֆիլմը ներկայացնող կարճ հոլովակները, չեմ կարդում սյուժեն, ուղղակի նայում եմ, որպեսզի անսպասելի ու հանկարծակի զգացողությունները, որոնք, իմ կարծիքով, ամենահաճելիներն են, ավելի շատ ունենամ, ավելի շատ վերապրեմ։ Նույն կերպ էլ կյանքում։ Եթե ցանկանում ես ապագայում այդ հաճելի զգացողությունները ավելի շատ ունենալ և վերապրել, չպետք է նայես ուրիշներին, չպետք է հաշվի առնես կողմնակի անձանց կարծիքը։ Այլ ընտրես քո ճանապարհը և շռայլացնես ներկադ։ Ոչ թե ապրես ապագայի մասին երազելով: Վաղվա օրը այնքան անիրական և անորոշ է, ինչքան մեր  երազները: Այսօրը երեկվա համար վաղն է, և ըստ մեր պլանների` այսօրը պետք է ավելի լավը լիներ, քան երեկը, բայց չգիտես ինչու մարդկանց մեծամասնությունը իրենց ամբողջ կյանքը ապրում են կարոտելով ու հիշելով երեկը, ասելով` առաջ ավելի լավ էր, քան հիմա: Համարյա բոլորը դա գիտեն և գիտակցում են, բայց չգիտես ինչու բոլորը շարունակում են պլանավորել իրենց վաղվա օրը` անհարգելով այսօրը: Ամեն ինչին տվել են անուններ, սահմաններ ու սահմանափակումներ: Մանկություն, պատանեկություն, չափահաս տարիք, ծերություն և այլն: Սա կյանք է: Պետք չէ այն սահմանել: Սա կյանք է, և այն այքան հարաբերական ու բազմազան է, որ այս աշխարհում ապրող և ապրած բոլոր մարդիկ իրենց կյանքը ապրել են յուրովի: Սահմանել` նշանակում է սահմանափակել: Բայց խնդիրը այն է, որ  հնարավոր չի սահմանափակել անսահմանափակը՝ կյանքը: Երբ մարդը հասկանում է, որ չի կարող սահմանափակել կյանքը, ստիպված սահմանափակում է ինքն իրեն` դառնալով մոխրագույն, անզգամ, անորակ և միապաղաղ էակ: Ինչո՞ւ է այդպես: Մարդիկ սովոր են իրենց կյանքը դնել սենյակների մեջ: Առաջին հայացքից կասեի, որ մարդու բնույթն է այդպես, բայց չէ: Մարդն ունի միտք ու հոգի, նա ունակ է փոխել իր բնույթը: Դուրս գանք կաղապարներից, գծենք նոր քարտեզներ: Մենք բոլորս անցնում ենք նույն ուղիով, և բոլորը թողնում են իրենց ոտնահետքը այդ ուղու վրա, որի պատճառով այդ ուղին քանդվել է, դարձրել անհարթ, անհավասար, կեղտոտ, անգույն: Այս բացարձակ աշխարհում, այս անսահմանափակ գաղափարների մեջ բոլորը անցնում են նույն ճանապարհով, յուրաքանչյուրը պետք է անցնի իր իսկ սեփական ստեղծած, մտածած, գծած, քանդակած ճանապարհով, որտեղ ինքը կլինի թագավորը, աշխատողը, օրենքը, բժիշկը՝ ամեն ինչը: Կան մարդիկ, որոնք կառչում են անցյալից ու չեն շարժվում ներկայով։ Չեն գիտակցում, որ մարդկությունը զարգանում է ։ Նրանք մնում են անցյալում։ Իսկ ինչու՞ եք այդպես անում։ Ինչո՞ւ եք կայացնում որոշումներ և կառչում դրանցից։ Ինչու չեք ընդունում նոր մտքեր ու գաղափարներ, չէ որ մարդու երևակայությունը անծայրածիր է։ Ինչու չեք ապրում ներկայով, վայելում ներկան։ Այն այնքան գեղեցիկ է, և մի համեմատեք այն անցյալի հետ։ Անցյալը երբեք ետ չեք բերի։ Հարցը նրանում է, որ մենք կարող ենք հորինել, շենացնել, կառուցել, զարդարել ու մեր մասնիկը ներառել ներկայում, ոչ թե անցյալում։ Հիմիկվա մեր սերունդը ավելի խիզախ է, չի մեծացել սովետական դաստիրակությամբ և կարող է փոխել շատ բան, բայց չի անում։ Մարդիկ չափից դուրս տարօրինակ են: Նրանք չեն վախենում պատերազմ գնալուց, բայց վախենում են մասսայում իրենց ուրույն կարծիքը բարձրաձայնելուց: Կարող են հաղթահարել սովը, բայց ոչ ամբոխի ճնշումը: Ի՞նչ է օրենքը, ի՞նչ է քաղաքավարությունը, ի՞նչ է հայոյանքը, ի՞նչ է գոհաբանությունը: Ես մտածում եմ․ արդյոք բացասական է այն երևույթը, որը բոլորը  համարում են բացասական: Եթե բոլորը համարում են բացասական, դա դեռ չի նշանակում, որ դա բացասական է: Ի՞նչ, եթե վատը լավն է, իսկ լավը՝ վատը: Ի՞նչ, եթե մարդ սպանելը լավ բան է: Ի՞նչ, եթե ով չաշխատի՝ նա կուտի: Ինչ եթե, ինչ եթե, ինչ եթե և այսպիսի միլյիարդավոր ինչ եթեներ: Ինչո՞ւ մարդիկ չեն վերցնում ու ստեղծում իրենց սեփական ինչ եթեները: Ինչո՞ւ հետևեմ այն առաջնորդին, որին ես չեմ ընտրել: Ես հասել եմ գիտակցության տարիքի և հանկարծ բոլորը ինձ ասում են, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Ինչը՝ լավ, ինչը՝ վատ: Ինչու՞ չեմ կարող ասել․«Տո ձեր ինչ գործն ա»: Ես չե՞մ կարող որոշել` ինչն է իմ համար լավ: Ոչ, որովհետև դու երեխա ես: Իսկ մտածել եք` ի՞նչ է երեխան։ Երեխան նույն պատանին է, երեխան նույն մեծահասակն ու ծերն է, ուղղակի ավելի քիչ կյանքի փորձ ունի, քան մյուսները: Իմ ընկերները ասում են` ես հիմա երեխա եմ, կմեծանամ նոր կանեմ այսինչ բանը: Սխալ գաղափար է: Մարդը փոքր չի լինում: Բոլորին թվում է, որ երբ նրանք դառնում են 18 տարեկան, մի գերբնական ուժ բացում է իրենց աչքերը և ուղեղի ծալքերը:  Հիմարություն․․․ Ես եմ որոշում, թե ես քանի տարեկան եմ: Իսկ ի՞նչ, եթե օրը 24 ժամ չէ, իսկ րոպեն 60 վարկյան: Ես եմ ուզում որոշեմ, երբ է սկսվում իմ օրը և երբ է այն վերջանում: Անորոշ գաղափարներ, որոնք մեզ կերակրում են` անվանվելով փաստեր: Փաստը այն է, ինչը դու ընդունում ես ու հավատում: Ինձ համար մեկ է, ով ինչ է ասում: 

Ես դեմ եմ համասեռամոլությանը: Բայց այդ մարդիկ շատ խիզախ են: Եվ նրանք իրենց առանձնահատուկ մոտեցումը ունեն ամենաբնազդային, ամենաբնական հարցում: Ինչու մի մարդ այնքան է հասնում, որ արդեն ընտրում է` լինի տղա, թե աղջիկ, իսկ մի մարդ չի լսում իր նախընտրած երաժշտությունը, որ հանկարծ հարևանները չբամբասեն: Այս գաղափարները ուղղակի թարս ապտակ են հասցնում իմ բանականությանը: Կարող եմ հազարավոր գրքեր գրել այս գաղափարների շուրջը: Ինչ է բարոյականությունը: Ով է սահմանել այն: Համարենք ես շատ տարօրինակ մարդ եմ, ունեմ շատ տարօրինակ արժեքների համակարգ, և սահմանում եմ իմ բարոյականությունը: Անբարոյական է այն մարդը, ով դավաճանում է իր կնոջը, ծեծում է նրան, բարձր հայհոյում է փողոցում, գողանում է, սպանում է, բռնաբարում է և այլն: Ինչո՞ւ պետք է հալածվեմ նրա համար, որ իմ բարոյականության պատկերացումը ուրիշ է: Թող ինչքան ուզեն ասեն, որ բարոյականությունը հարաբերական է: Այն սահմանում է մասսան, ամբոխը: Յուրաքանչյուր ժողովուրդ մասսա է, որը ունի իր ուրույն պատկերացումը բարոյականության վերաբերյալ: Անկախ իմ կամքից ծնվել եմ այնպիսի մասսայի մեջ, որի բարոյականության պատկերացումը ինձ հարմար չէ։ Ի՞նչ է, ողջ կյանքս պետք է ապրեմ ինձ համար անբարո կյանքով: Այսինքն, եթե ես ապրում եմ այն բարոյական սահմանումով, որը ինձ հարմար չէ, ես դառնում եմ անբարոյական և իմ ողջ կյանքը անբարոյականություն է:

Մի խոսքով` ես դեմ եմ համակարգին, ես դեմ եմ սահմաններին, դեմ եմ կծկված մտածելակերպներին, ես մասսան չեմ, մի խառնեք ինձ ամբոխի հետ, ես տարբերվում եմ, չեմ ցանկանում ենթարկվել, ուզում եմ ապրել անկախ մասսայի հորինած գաղափարների, գրեմ իմ գիրքը, ոչ թե կարդամ կամ մշակեմ  ուրիշի վատ ձեռագրով գրվածը։ Իսկ եթե դա հնարավոր չէ, ավելի լավ է մեռնեմ, քան թողեմ, որ այս թարախը` այս ինֆեկցիան առաջնորդի ինձ:

0 Comments

Թռիչք

Անապատ, ավազ, փոշի, անտանելի շոգ։ Մի խոսքով` միայն տհաճություն։  Նա երկար զբոսնում էր, փորձում իրեն ուտելիք ու ջուր գտնել, ապրելու համար ցանկացած բան։ Կողքով օձ անցավ։ Ահագին տարիքով կլիներ։ Եվ հավանաբար երկար ժամանակ ապրած կլիներ անապատում։ Փորձառու էր, քանի որ  հարմարված էր այդ պայմաններին, կարողանում էր գոյատևել այդ տհաճության, փուշու ու տապի մեջ։ Անցան օրեր, օդաչուն արդեն չէր կարողանում ոտքի կանգնել, նա ուժասպառ էր եղել, ամեն ինչ սև ու սպիտակ էր երևում նրա աչքի առջև, մինչև որ հեռվում սկսեց երևալ մի փոքրիկ ինքնաթիռ։ Դա նրա միակ հույսն էր։ Գնաց մոտիկ, փորձեց ծանոթանալ, ինքնաթիռը կոտրված էր, այն արդեն վարել էին և շատ անփույթ։ Այդ մի թռիչքը անհաջող էր և շատ էր վիրավորել ինքնաթիռին։ Օդաչուն որոշեց նորոգել այն, որպեսզի կարողանա կատարել երկարատև թռիչք և դուրս գալ անապատից։ Անցան ժամեր, այդ երկարատև աշխատանքից հետո կարծես թե այն պատրաստ էր։ Օդաչուն առանց հոգնածություն զգալու նստեց ինքնաթիռը և բարձրացավ օդ։ Ճանապարհի ընթացքում նա կապնվեց ինքնաթիռի հետ, և նրանց շատ հաճելի էր միասին օդում սավառնելը։ Ունեցան շատ պայծառ օրեր։ Դուրս եկան անապատից։ Թռչեցին սառը ու տաք հոսանքների, մառախուղի ու ծխի միջով։ Նրանք կանգնեցին մի հիասքանչ սարի վրա ու սկսեցին վայելել տեսարանը, նրանց հետ կային տարբեր տեսակի թռչուններ, նրանք շարժվում էին մի հոսանքով, իսկ օդաչուն իր ինքնաթիռի հետ շեղվել էր ճանապարհից, թռել մի տեղ, որտեղ չկար ոչ մի թռչուն, նրանք լսում էին լռությունը ու ստանում հեքիաթային հաճույք, համոզված լինելով, որ երբեք, ոչ ոք նման զգացողություն չի կարող ապրել։ Ափսոս, որ հնարավոր չէր ժամանակը կանգնեցնել և ընդմիշտ վայելել այդ պահերը։ Նրանք ստիպված վեր կացան և շարժվեցին առաջ։ Անցան անդունդներ ու բարձրունքներ, հասնելով ծովի ափին։ 

 Մոտենում էր գիշերը։ Ցուրտ ու վտանգավոր գիշերը։ Այդ սև ծովը, որի մեջ արտացոլվում էր պայծառ երկինքը, ահեղ ձայն էր հանում, որը կարծես ահ էր ներշնչում։ Ինքնաթիռը զգաց այդ վտանգը, սակայն լռեց, նրա տիրոջ հոգու անդորրը պահպանելու համար։ Օդաչուն պառկել էր ինքնաթիռի  թևին, ու նրանք նայում էին երկնքին ու աստղերին, սակայն տեսնում ուրիշ աշխարհ, ամեն մի աստղը մի հրաշալի, մեծ մոլորակ էր, որոնց վրա կար կյանք։ Կյանք, որտեղ ստին տեղ  չկար, որտեղ տիրում էր հարգանքը և հավասարակշռությունը։ Որտեղ փողը ընդհանրապես դեր չէր խաղում, որտեղ երկինքը միշտ լազուր էր, իսկ մարդիկ, երեխաների նման հավատում էին հրաշքներին, այնտեղ նրանք կարողանում էին իմանալ, թե ով է իրենց մասին մտածում քնելուց առաջ։ Եվ այդ մոլորակների վրա երջանկությունը ավելի շատ էր։ Նրանք տեսնում էին ուրիշ գալակտիկաներ, և այդ պահին ինքնաթիռը խոստացավ, որ մինչև տիեզերք բարձրանալու է օդաչուի հետ։ Նրանք շնչում էին սեր, լսում էին լռություն, զգում էին սառը խոնավությունը։ Եվ այդ մթության մեջ լուսինը լուսավորվում էր նրանց սրտերի ու զգացմունքների կապից առաջացած էներգիայով։ Ո՛չ, նրանք բառերով  չէին խոստովանում, որ իրենց մեջ եղած ձգողության անունը սեր է, ուղղակի զգում էին այն, բոլորից գաղտնի պահելով։ Նրանք շփվում էին առանց անգամ մի ծպտուն հանելու և զարմանում այն հոգիների վրա, որոնք ամբողջ օրը խոսալով, չեն կարողանում շփվել միմյանց հետ։ Ծովի ալիքները նրանց օրորոցային էին երգում, և նրանք այդպեսել քնեցին լացող ամպերի տակ։

Առավոտյան օդաչուն վստահելով իր փոքրիկին` նորից օդ բարձրացավ։ Ինքնաթիռը չհասցրեց զգուշացնել, որ վտանգավոր է այս մի թռիչքը։ Օդի մեջ ասաց օդաչուին, որ ինքն այլևս հուսալի չէ, և որ ամեն վայրկյան կարող է պայթել ու ամեն ինչ վերջացնել։ Նորմալ մարդիկ կդանդաղեցնեին թռիչքը ու քիչ-քիչ վայրէջք կկատարեին, որ իրենց կյանքին վտանգ չսպառնար, կամ էլ, եթե ընկնեին, ապրելու հնարավորություն լիներ։ Իսկ այս թրիչքը օդաչուին այնքան էր դուր գալիս, որ նա առանց գիտակցելու արագացնելով վեր էր բարձրանում, քանի որ այդ պահը այնքան տանկ էր իր համար, որ չէր կարողանում կանգ առնել։ Չլսելով ինքնաթիռին նա գեղեցիկ պտույտներով վեր բարձրացավ։ Ինքնաթիռը չդիմացավ, սկսեց վայր ընկնել, չկարողացավ իրեն հավաքել և կառավարել, իսկ օդաչուհի փորձերը, նորից վերանորոգելու ինքնաթիռը, ապարդյուն էին։ Նրանք սկսեցին ընկնել, ինքնաթիռը մեղադրում էր օդաչուհին, իսկ օդաչուն ինքնաթիռին։ Իսկ արդյունքը այն էր, որ նրանք երկուսով ընկնում էին։ Եվ երբ շատ փոքր տարածություն էր մնում ջարդ ու փշուր լինելուն, երբ նրանք շունչները պահած գիտակցում էին,որ մահը եկավ, նրանք բռնում են իրար և․․․

Ժամանակը կանգ է առնում։ Կարծես հնարավորություն է տալիս նրանց վերապրելու իրենց անհավանական օրերը, գեղեցիկ պահերը։ Հնարավորություն է տալիս գիտակցելու, թե արդյոք ինչ են ցանկանում նրանք, և հնարավորություն վերանորոգելու առաջացած խնդիրը․․․

Շարունակելի․․․

0 Comments

Կյանքի նախշերը

 Բակից տուն վազեց Խաչոն։ Տատը նրան հարցրեց․

―Խաչո՛, ասա՛, դու գիտե՞ս, թե ինչպես պետք է շփվել մարդկանց հետ։

 Հարցից զարմացած՝ Խաչոն նստեց ու մտքերի մեջ ընկավ։

 Տատը մոտեցավ նրան, ձեռքը դրեց ուսին և ասաց․

―Երբ մարդիկ շփվում են, նրանց միջև սկսում են նախշեր հյուսվել։ Դրանք մենք կյանքի նախշեր ենք անվանում։ Որքան ավելի գեղեցիկ են այդ նախշերը, այնքան կյանքն ավելի լավն է դառնում Երկրի վրա։ Հանդիպում են երկու մարդ․ իրար լավ խոսքեր են ասում, և ծաղկում են կյանքի նախշերը։ Ու լեռներից այն կողմ՝ հեռավոր ճամփեքին, մի երրորդ մարդու էլ են նրանք օգնում։ Այդպես էլ քեզ են այդ նախշերն օգնում, Խաչո՛։ Որքան ավելի գեղեցիկ են կյանքի նախշերը, այդքան ավելի մեծ է նրանց զորությունը։

 Երբ նախշերը տգեղ են, չար, սպանում են մարդկանց, պատճառ դառնում երկրաշարժերի, պատերազմների, հիվանդությունների։ Եվ բոլոր նախշերը, որոնք դու կստեղծես, Խաչո՛, միշտ կապրեն քեզ հետ և կկերտեն քո կյանքը։

 Եվ ամեն երեկո, երբ տուն ես մտնում, հիշի՛ր օրվա մեջ ասածդ ու արածդ և տե՛ս՝ ի՜նչ նոր նախշեր ես հյուսել մարդկանց համար․․․

Այդպես է պետք շփվել մարդկանց հետ։

 Հիշի՛ր, Խաչո՛։

 Իմաստո՛ւն Խաչո։

©Վադիմ Մարտիրոսով

0 Comments

Իմ հրեշտակը

Ով է ասել,որ հրեշտակներ գոյություն չունեն կամ նրանք միայն սպիտակ հագուստով, սպիտակ թևերով բարի էակներ են։ Ես այսօր հանդիպեցի մի հրեշտակի, որը ամենևին էլ նման չէր մարդկանց պատկերացրած հրեշտակին։ Այն իրական էր, շոշափելի և իրենից լույս էր անդրադարձնում։

Կեսրօվա շոգ էր։ Փոքր -ինչ ծանրաբեռնված դպրոցական օրից` նստեցի երթուղային, որպեսզի տուն գնամ։ Հոգնած ներս մտա, ինձ մի կին տեղ տվեց, որպեսզի նստեմ կողքի աթոռին։ Ականջակալներս հագա, միացրեցի երաժշտություն և սկսեցի լսել։ Կնոջ ձեռքերի մեջ խելոք նստած էր մի լուսավոր էակ։ Նա պտտվեց, պտտվեց և թեքվեց իմ կողմ, ժպիտը պատեց նրա դեմքը։ Պայծառ լույսի շողեր թափվեցին նրա համովիկ մռութից։ Սկսեց ծիծաղել, ես էլ իր հետ։ Հաճելի ժպիտ ուներ։ Նայեց ինձ, ապա գլուխը թեքեց մի կողմ, երևի ամաչում էր։ Հետո նորից նայեց ինձ, խաղաց իրերովս, մի քանի րոպե հեռվից հեռու խաղալուց հետո եկավ գիրկս։ Գրկեց ինձ իր փոքրիկ թևերով։ Գլուխը հենեց ինձ  և սկսեց նայել պատուհանից դուրս։ Զգացի նրա ջերմությունը, նրա ազնիվ սերը։ Կինը զարմացել էր, թե ոնց կարող է նա մի քանի րոպեում այդպես ջերմ փաթաթվել անծանոթ աղջկա։

Ես մի ձեռքով բռնել էի նրա նուրբ և փխրուն մեջքը, իսկ մյուսով խաղում էի խիտ և փափուկ մազերի հետ։ Ինչքան դրական էներգիա փոխանցեց նա ինձ։ Հետո նստեց ծնկներիս, իր մեծ, սև աչուկներով նայեց վրաս, սկսեց ժպտալ։ Ուներ չորս, սպիտակ ատամիկ-մարգարիտներ, որոնք էլ նախշում էին նրա քաղցր ու ջինջ ժպիտը։ Այդ պահին զգացի, որ ես էլ նրան եմ սիրում, անկեղծ եմ սիրում, քանի որ նրա հետ գրկախառնության ժամանակ հասկացա, որ հյուսվեցին մեր կյանքի գունավոր նախշերը։

Եվ հենց նա էր իմ հրեշտակը, իմ մի տարեկան հրեշտակը, իմ լույսի կտորը։

0 Comments

Եթե ուզում ես իմանալ ավարտը, ոչ ոքի մի պատմիր սկիզբը

Հիասթափություն։ Անտանելի զգացողություն։ Պահ, որը գրեթե բոլորն են ապրում։ Կարծես մինչ այդ պահը աչքերդ փակ լինեն և չտեսնես ոչ մի բան։ Իսկ, երբ ապրում ես այդ զգացողությունը, աչքերդ բացվում են, աշխարհին նայում ես ուրիշ աչքերով, փոխվում է ամեն ինչ՝  աշխարհայացքդ, մտածելակերպդ, վերաբերմունքդ շրջակա միջավայրի հանդեպ։ Հատկապես ցավոտ է ընկերների հանդեպ հիասթափությունը։ Մեծանալով ենք մենք հայտնաբերում մեր կեղծ ընկերներին, և միայն մայրն է կարողանում շուտ նկատել նրանց։ Մեծանալով ենք հասկանում ինչ է կեղծ ժպիտը և կեղծ ուրախությունը, սկսում ենք ավելի հաճախ օգտագործել դրանք, թաքցնում ենք մեր ցավը։

Վստահե՞լ  ներաշխարհը։ Չարժե։ Մեծագույն սխալներից է։ Միայն ծնողներին։ Ավելի լավ է հույսդ դնես քեզ վրա, կախված չլինես ուրիշներից և սրտիդ մոտ չթողնես։ Վաղ, թե ուշ բոլորը հեռանում են և, եթե մոտ ես թողել մարդուն և նա դարձել է քեզ համար ամեն ինչ, ապա նրա հեռանալուց դատարկություն է մնում հոգուդ խորքում։

Աշխատիր չտրվել մարդկանց, չվստահել նրանց։ Հավատա, դա է ամենաճիշտ ուղղությունը և միայն այդպես երկար կգնաս։ Եթե ուզում ես իմանալ ավարտը, ոչ ոքի մի պատմիր սկիզբը։

0 Comments

Անքուն գիշեր

Մութ էր, կեսգիշեր, երկնքում վառվում էին աստղերը և փայլում էր լուսինը՝ լուսավորելով շուրջբոլորը գիշերային նուրբ լույսով։ Դրսում կենդանի շունչ չկար։ Տեղ-տեղ վառված էին լույսեր։ Լռություն էր։ Մի աղջիկ սուզվել էր այդ լռության մեջ և անվերջ խորհում էր։ Նրա մտքերը տարբեր էին, նա մտածում էր ստորգետնյա գեղեցիկ աշխարհի, տիեզերական անբացատրելի երևույթների և իր հեքիաթային կյանքի մասին։ Այդ մտքերը չէին թողնում, որ նա քնի։ Աղջիկը վերցրեց թուղթ ու մատիտ և սկսեց նկարել։ Նկարել, թե ինչ է կատարվում իր ներսում, նկարում էր իր տրամադրությունը, հոգու եղանակը, թղթին էր հանձնում իր սրտի գույները։ Տեղ-տեղ պարզ, լուսավոր ՝ դեղին, կարմիր, տեղ-տեղ մուգ, խամրած՝ սև և մոխրագույն։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ նրան՝  իր նկարները և գույները։ Նրան առավոտյան սպասվում էր ծանրաբեռնված օր։ Աղջիկը որոշեց սթափվել։ Նա փակեց աչքերը և սկսեց երազել։ Հայտնվեց մի այգում, որտեղ ամբողջը ծաղկազարդ էր, այնտեղ կային փոքրիկ արարածներ, որոնք նման էին մարդկանց, սակայն թևերով և փայլուն, միասին երգում ու պարում էին առանց դադարի։ Սառը օդը թարմացնում էր մարդուն և ազատում առօրյա հոգսերից, մեղմ և տաք քամին խաղում էր աղջկա մազերի հետ, ձորի ներքևից լսվում էր ջրի քչքչոցը։ Աղջիկը հայտնվել էր մի վայրում, որտեղ տիրում էր հանգստություն և հավասարակշռություն։ Նա պառկեց խոտերի մեջ, շրջապատվեց փերիներով և անուշ քուն մտավ։

0 Comments

Հեքիաթային զգացողություն

Ի՞նչ է սերը: Ով կարող է բացատրել մի բան, որը շոշափելի չէ, չի կարելի լսել ու տեսնել։ Իմ կարծիքով, սերը մի քանի տեսակ է լինում։ Սեր հայրենիքի հանդեպ, սեր ծնողների հանդեպ, սեր եղբոր, քրոջ, տատիկի և պապիկի հանդեպ, սեր ընկերների հանդեպ։ Եվ կա նաև մի սեր, որը սիրած էակի հանդեպ է։ Սկզբում սիրահարվում ես շականակագույն աչքերին, հետո մուգ մազերին, հետո երկար թարթիչներին և հաստ շուրթերին։ Նա այն մարդը չէ, որի հետ դու քեզ լավ ես զգում, այլ այն մարդը, առանց որի տխուր ես, ուրիշ ձև ես ընկալում ամեն ինչ, և քո ժպիտն էլ իրական չէ։ Հենց այդ սերն էլ ամենաուժեղն է, երբ դու ամեն ինչի պատրաստ ես հանուն նրա։ Երբ դու նրա մեջ չես տեսնում ոչ մի թերություն, երբ գնահատում ես նրա արժանապատվությունները, երբ հաշվում ես ամեն վայրկյանը, թե երբ ես նորից տեսնելու։ Տեսնելու ու զգալու իր տաքությունը, փափկությունը։ Կարոտում ես, և այնքան, որ կարոտը խեղդի։ Սպասում ես այն պահին, թե երբ է նա քեզ գրկելու, համբուրելու, և երբ ես զգալու նրա տաքությունը, սրտի զարկերը, բուրմունքը, շնչառությունը … Սերը այն է, երբ սիրում ես ամեն մանրուքը…ծիծաղը, ձեռքերը, խոսքերը, ժպիտը, անունը ։ Երբ նայելով այդ մարդու աչքերի մեջ` դու քեզ երջանիկ ես զգում, և այդ աչքերը քեզ համար դառնում են ամեն ինչ, մի օվկիանոս, որտեղ խորտակվում ես ու չես էլ նկատում նրանց խորությունը։ Երբ ամեն ինչ կտաս այդ մարդու կողքին ևս մեկ ակնթարթով հայտնվելու համար։ Երբ ամբողջ աշխարհում միայն նա է քեզ անհրաժեշտ։ Նրա կողքին լինելիս` ցանկանում ես կանգնեցնել ժամանակը և ընդմիշտ վայելել այդ պահը։ Սերը այն է, երբ նրա շրթունքների և ձեռքերի հպումներից ամբողջ մարմնովդ սարսուռ է անցնում։ Երբ նրա երջանկությունը ավելի թանկ է, քան քոնը։ Սիրել, նշանակում է մտքերով տրվել ինչ-որ մեկին, անընդհատ մտածել նրա մասին , քո ունեցածը տալ նրան, իսկ քո ապագան չպատկերացնել առանց նրա, անտեսել ուրիշների խոսքերը և լսել մկայն սեփական սրտին։ Ուղղակի անհնար է սերը բնութագրել բառերով, կասեմ միայն, որ չկա ավելի հաճելի, հեքիաթային և կախարդական զգացողություն, քան սիրելը ։

0 Comments

Չխեղճանալ, չմեծամտանալ…

Read More 0 Comments